Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վահե Էլոյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, նման դիմում գոյություն չունի:

Նա պարզաբանեց, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի: Նախարարությունից, սակայն, չհստակեցրին, թե Վահե Էլոյանն ինչ աշխատանքի է տեղափոխվել:

Մեր տեղեկություններով` Յուրի Վարդանյանի եւ Վահե Էլոյանի միջեւ պայմանավորվածություն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, սակայն Վահե Էլոյանն այդպես էլ չի գրել դիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին՝ իր դիմումի համաձայն:

Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ:

Նշենք, որ Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում: Երեկ աշխատանքից ազատվել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: