Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճշգրտել է բնական գազի նոր սակագների ուժի մեջ մտնելու ժամկետը: ՀԾԿՀ-ի այսօրվա՝ հունիսի 7-ի նիստում հաստատվել է, որ ամսական մինչեւ 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը ամեն հազար խմ-ի դիմաց կկազմի 156 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն:

ՀԾԿՀ-ի հստակեցմամբ՝ նոր սակագները կգործեն 2013թ. հուլիսի 7-ից, ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես նախկինում նշվում էր:

Հանձնաժողովը նաեւ որոշել է, որ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 1կՎտ/ժ-ի համար կկազմի 38 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 30-ի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 28 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 25-ի փոխարեն: 

Էլեկտրաէներգիայի նոր սակագները եւս կգործեն հուլիսի 7-ից: