Երբ նախաքննական մարմնի անունից հանդես է գալիս ՀՀ զինդատախազը եւ հայտնում, որ դիտել է տեսանյութը ու համարում, որ Սյունիքի մարզպետն այնտեղ չի եղել, ապա միջադեպի տեսանյութի հրապարկումը զարմանալի չէր: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ ինչ-որ մարդիկ փորձում են ինչ-որ կերպ իրենց նախաձեռնությամբ կամ դրդմամբ շեղել քննության ընթացքը: «Ես դրանից առաջ Սոնա Տռուզյանի կողմից տեղեկացված էի, որ տեսանյութը փորձաքննության փուլում է գտնվում եւ նման հրապարակումն անթույլատրելի է: Իսկ եթե չկան փորձաքննության արդյունքները, զինդատախազի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը նշանակում է, որ ցանկանում են ինչ-որ կերպ կողմնորոշել նախաքննական մարմնի գործողությունները եւ ընդհանուր առմամբ շեղել ճշմարտությունից կամ իրականությունից եւ հասարարական կարծիքը ձեւավորել այնպես, որը ձեռնտու է որոշ մարդկանց: Տվյալ դեպքում, այդ մարդը հենց Սուրեն Խաչատրյանն է»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
«Միգուցե արդեն հայտարարեն նախաքննության ավարտի՞ մասին: Իսկ եթե ոչ, ապա պետք է իսկապես քննություն տեղի ունենա քրեական օրենսգրքով նախատեսված պայմաններում: Հետեւաբար այստեղ զինդատախազի գործողություններում հանցակազմ եմ տեսնում»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ նախաքննության գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի արարք է, իսկ այս դեպքում վկաներ կան, ովքեր հրապարակել են նախաքննական մարմնի կողմից անթույլատրելի վկայություն, հետեւաբար կարծում է, որ գլխավոր դատախազը պետք է սկսի քննություն տվյալ մարդկանց պատժելու ուղղությամբ: Զարուհի Փոստանջյանը նաեւ ավելացրեց, որ զինդատախազի գործողությունների վերաբերյալ կարող է նաեւ հաղորդագրությամբ հանդես գա հանցագործության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























