Այսօր Հայաստանի ընդդիմությունը փլատակների վրա է, քանի որ իշխանությունը փուլ է գալիս: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձավ այն հրապարակմանը, թե Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցած պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվել, նշելով, որ իրենց խմբակցությունից երկու հոգու աշխատավարձ է պահվել:

Զարուհի Փոստանջյանը գրավոր հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին, պարզելու համար, թե ինչի համար են պահում արել, որ օրվա համար են պահել եւ որոնք են հիմքերը: «Եթե կասեն, որ, այո, հատուկ նիստից բացակայելու համար են պահել, ապա ես պատրաստվում եմ դիմել դատարան, որովհետեւ հատուկ նիստին եւ ԱԺ նիստներին գնալ-չգնալու համար մենք ունենք իրավունք: Իսկ այդ օրը պարոն Շարմազանովն անընդհատ անջատում էր խոսափողը եւ վերջիվերջո թույլ չտվեց մենք օրակարգի վերաբերյալ մեր կարծիքը հայտնենք, որտեղ ներառված էր հատուկ նիստի վերաբերյալ մեր կարծիքը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am