Այսօր` հունիսի 7-ին, ժամը 15.00-ին, «Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդուհիները եւ օդաչուների մի մասը պետք է ստանային նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` այս պահի դրությամբ ֆինանսիստները դեռեւս բանկում են, տեխնիկական խնդիրներ են առաջացել, սակայն բորտուղեկցորդուհիները եւ օդաչուների մի մասը կստանան իրենց աշխատավարձը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել
Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել:




























