Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միանգամայն անընդունելի է համարում հարաբերությունները զենքով պարզելը: Իր կարծիքը նախարարը հայտնել է այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Սյունիքի արդեն նախկին մարզպետի տան մոտ կատարված փոխհրաձգության սկանդալային միջադեպը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախարարը հայտնել է, որ նախօրեին այցելել է վիրավոր Արտակ Բուդաղյանին՝ հավելելով, որ դա ավելի շուտ չէր արել՝ երկրից դուրս գտնվելու պատճառով: Ըստ նրա՝ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է: «Ես նրա հետ կարճատեւ զրույց ունեցա դեպքի մասին: Բայց վիրավորին շատ չչարչարեցի», - նշել է նա:

Սեյրան Օհանյանը հայտնել է, որ որպես մարդ եւ ուժային կառույցի ղեկավար՝ դատապարտում է ներանձնային հարաբերությունների հողի վրա կատարված ցանկացած նման միջադեպ, ընդ որում՝ ոչ միայն զինվորականների եւ քաղաքացիական անձանց միջեւ:  «Մենք այնքան արտաքին սպառնալիքներ ունենք հարեւան անբարյացակամ պետությունների կողմից, որ ներսում ամեն ինչ պետք է խաղաղությամբ հարթվի», - ասել է նախարարը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ դատապարտում է զինծառայողների եւ սպաների դեմ  ցանկացած ոտնձգություն՝ նորից նշելով, որ կատարվածի պատճառ է համարում ներանձնային հարաբերությունները: Նախարարը նկատել է, որ չի կարծում, թե իբր սպայի պատիվն է արատավորվել: «Մեր սպաները եւ զինվորները հերոսներ են, որոնք ամեն վայրկյան բախվում են վտանգի հետ», - հիշեցրել է նախարարը՝ նկատի ունենալով հայկական զինված ուժերի կողմից իրականացվող մարտական հերթապահությունը:

Պատասխանելով  հարցին, թե  ողբերգական պատահարն արդյոք անպատժելիության հետեւանք չէ, նախարարը ասել է, որ վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից հետեւողական աշխատանք է տարվում, եւ անպատժելիությունը հասցվել է նվազագույնի: նա հիշեցրել է, որ կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել, որի քննությունն անձամբ պաշտպանության նախարարության Քննչական ծառայության պետի վերահսկողության տակ է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am