Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն, այսօր՝ հունիսի 7-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վ. Տերտերյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվել է, որ 2013թ. առաջին հինգ ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18,2 տոկոսով:
Զեկուցվել է նաեւ, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները:
Վ. Տերտերյանը դրական գնահատելով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` հորդորել է հետեւողական լինել ինչպես այդ ցուցանիշների պահպանման, այնպես էլ մարզային տարբեր ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում: Քննարկվել են նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշված համայնքներում կառուցապատման խնդիրներին առնչվող հարցեր:



























