Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 7-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:
Ա. Գեւորգյանը շնորհավորել է դիվանագետին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Նշելով, որ Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ փոխվարչապետն ընդգծել է միջտարածաշրջանային համագործակցության կարեւորությունը.«Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային փոխգործակցությունը գործնական եւ արժեքավոր նշանակություն ունի: Միջպետական հարաբերություններն ավելի ամուր են, եթե դրանց հիմքում միջտարածաշրջանային, միջհամայնքային համագործակցություն կա»:
Արձանագրելով, որ Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է, Ա. Գեւորգյանը միաժամանակ նշել է, որ իրացման մեծ ներուժ նույնպես առկա է: Նա նշել է, որ միջպետական մակարդակով եւս մեծ նշանակություն է տրվում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:
Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ գործակցության նոր ձեւերի միջոցով: Հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները, որոնք անցկացվել են 2011 եւ 2012թթ., եւ հանդես են գալիս որպես համագործակցության զարգացման նոր ձեւաչափ, ինչպես նաեւ միջպետական տարբեր կառույցների միջեւ երկխոսության հարթակ:
Կողմերը քննարկելի են այս աշնանը նախատեսվող երրորդ համաժողովի անցկացման ձեւաչափի, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է համաժողովի այնպիսի ձեւաչափի ընտրությունը, որը հնարավորություն կտա գործնական արդյունքներ արձանագրել, գործընկեր տարածաշրջանների միջեւ փոխշահավետ կապեր հաստատել:
Դեսպանը պատրաստակամություն հայտնել է ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:




























