Հայ սպաների պատրաստվածության մակարդակը հիմա անհամեմատ բարձր է, քան հինգ տարի առաջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Այլ հարց է` կարող են նրանց արդյոք փոխանցել ստացած գիտելիքները եւ դրանք կիրառել անձնակազմի հետ: Մանկավարժ լինելը շատ բարդ է»,- արձանագրել է նախարարը:

Պատասխանելով թերացումների մասին հարցին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում, եւ կատարյալ գործողություններ չեն լինում: «Այլ հարց է սխալները չշտկելը: Սխալները ուղղելը ամոթալի չէ, իսկ չուղղելը միայն կխորացնի սխալը»,- ասել է Օհանյանը: Խոստովանելով կառույցում սխալների առկայությունը` նախարարը նկատել է, թե դրանք հիմնականում օղակների միջեւ փոխգործակցության պակասի հետեւանք է:

Պատասխանելով կանանց ծառայության մասին հարցին` Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ կանայք այսօր էլ ծառայում են որպես բուժքույրեր, կապի աշխատակիցներ, իսկ այժմ կանանց ընդունում են Հայաստանի բարձրագույն ռազմական հաստատություններ: