Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կփորձի օգնել ազատամարտիկներին: Իր խոստումը նախարարը հնչեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Ազատության հրապարակում, ապա Կառավարության շենքի մոտ ազատամարտիկների բողոքի ակցիան:

Նախարարը հայտնել է, որ հանդիպել է ազատամարտիկներին: «Պահանջները սոցիալական բնույթի են, վերաբերում են արտոնություններին, թոշակներին: Բարձրացված հարցը նորություն չէ»,- մեկնաբանել է Օհանյանը` հավելելով, որ երկիրը լուծում է այդ խնդիրները իր հնարավորությունների սահմաններում: «Բայց նրանք մեր ընկերներն են: Կփորձենք օգնել նրանց»,- ասել է նախարարը:

Նա նաեւ նշել է, թե ընթացիկ տարում ավելացվելու է զինծառայողների, ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրի գումարները: