Հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունները շարունակվում են: Երեկ` հունիսի 7-ին, անց է կացվել քննություն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաներից: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

«Կենսաբանությունից»  քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 1683 դիմորդ, որոնցից բացակայել է 125-ը, «Ընդհանուր պատմությունից» քննություն պետք է հանձներ 224 դիմորդ, բացակայել է 35-ը, իսկ «Աշխարհագրությունից» քննություն հանձնող 340 դիմորդից բացակայել է 39-ը:Երեք առարկաների քննությունից, ընդհանուր առմամբ, բացակայել է 199 դիմորդ:

Ինչ վերաբերում է հունիսի 4-ին «Հայոց լեզու» առարկայից կայացած քննությանը, ապա, Արա Իսպիրյանի փոխանցմամբ, միջին գնահատականը 13 է, դիմորդների 9 տոկոսը չի հաղթահարել նվազագույն 8 բալի շեմը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 79 դիմորդ: «Հայոց լեզու» առարկայի քննությունից 9400 դիմորդից բացակայել է 300 դիմորդ: Հաջորդ քննությունը կկայանա հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայից քննություն կհանձնի մոտ 6950 հոգի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am