Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ վրաց ժողովրդին` ահաբեկչության հետեւանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուժողականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ISAF-ի զորքերից վրացի յոթ զինծառայողներ են զոհվել ահաբեկիչների հարձակման ընթացքում: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սգո օր է հայտարարվել:

Երկրի ամբողջ տարածքում հունիսի 7-ին խոնարհվելու են պետական դրոշները:

Վրաստանի զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրագործել վրացական ռազմակայանում, որի հետեւանքով զինծառայողներ են զոհվել:  Սկզբում տվյալներ էին ստացվել վեց զոհերի մասին, ավելի ուշ հայտնի էր դարձել եւս մեկ զինծառայողի մահվան մասին: Ինը մարդ վիրավոր է: