Հունիսի 9-ին մայրաքաղաքում անցկացվող «Երեւան. բիզնես-վազք 2013»- վազքի մրցույթի անցկացմամբ պայմանավորված առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ 12:00-ն երթեւեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ժամը 09:30-12:00-ը , սահմանված վազքուղով պայմանավորված, երթեւեկությունը մասնակիորեն կսահմանափակվի մայրաքաղաքի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա՝ (Ամիրյան - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա - Մաշտոցի խաչմերուկ) – Մոսկովյան փողոց (Մոսկվիչկա սուպերմարկետ) – հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա (մինչեւ Աբովյան խաչմերուկ) - Աբովյան փողոց – Royal Tulip Yerevan հյուրանոց հատվածներում:
Վազքի մրցույթը կազմակերպել են Երեւանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության եւ AIMS–ի (Մարաթոնների եւ վազքի միջազգային միություն) հետ համատեղ, Royal Tulip Yerevan եւ Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ։
Ծրագրի նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է: Միեւնույն ժամանակ, քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը բարձրացնելով՝ ծրագիրը նպատակ ունի վերջիններին մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը ։
Վազքի մրցույթին մասնակցելու են գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կազմակերպություններ ու անհատներ:
2012 թվականին առաջին անգամ անցկացված «Երեւան. բիզնես-վազք» մրցույթի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվեց մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը։
Այս տարի եւս ծրագրից հավաքագրված գումարը նախատեսվում է ուղղել մայրաքաղաքի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը:




























