Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին, ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, ընդդիմությանը մեղադրել է «ապազգային» գործունեության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մասնավորապես, Ալիեւը նշել է. «Դրանք ապազգային ուժեր են, ապազգային, դավաճան, ծախու խմբեր, որոնք ժամանակին իշխանություն ունեին, եւ այսօր առանց որեւէ հիմք ունենալու իշխանության մասին են երազում: Նրանք իրենց գործունեությունը միանգամայն այլ ուղղությամբ են տեսնում: Նրանց քաղաքական գործունեությունը, եթե դա կարելի է քաղաքական գործունեություն անվանել, միանգամայն այլ ուղղությամբ է տարվում: Նրանց քաղաքական պայքարի միջոցը ոչ թե խոսքը, կարծիքն է, այլ «Մոլոտովի կոկտեյլը»: Նրանց թիկունքը ոչ թե ժողովուրդն ու նրա կամքն է, այլ արտասահմանից տրվող դրամաշնորհները, փողերը:
Նրանց խոսքի ազատությունը զրպարտանքներ գրելը, Ադրբեջանին արատավորելն է: Նրանց վարվեցողության կանոններից է հայերին միանալով՝ Ադրբեջանից բամբասելը, Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձեւավորելը:




























