Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին պետք չէ լուրջ վերաբերվել, այն  Ադրբեջանում քաղաքական քննարկումների բնական ընթացք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ նման իրականությունն առկա էր Իլհամ Ալիեւի կառավարման տասը տարիներին, միգուցե, այն ավելի վաղ էր ձեւավորվել:

Դիտարկմանը, որ Ալիեւի ելույթում, որպես Ադրբեջանի մասին բացասական կարծիք կերտողներ հիշատակվում են նաեւ հայերը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ Ադրբեջանի ներկա քաղաքական դրությունը ընտրություններից առաջ մի փոքր տարբերվում է նախորդ իրավիճակներից:

«Ներկա պահին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական դրությունն առավել բարդ է, քան, օրինակ, հինգ տարի առաջ: Համապատասխանաբար, Ալիեւի հայտարարություններն էլ առավել խիստ են»,- ընդգծել է քաղաքագետը:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին, ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, ընդդիմությանը մեղադրել էր «ապազգային» գործունեության համար: Նա, մասնավորապես, նշել էր. «Դրանք ապազգային ուժեր են, ապազգային, դավաճան, ծախու խմբեր, որոնք ժամանակին իշխանություն ունեին, եւ այսօր առանց որեւէ հիմք ունենալու իշխանության մասին են երազում: Նրանք իրենց գործունեությունը միանգամայն այլ ուղղությամբ են տեսնում: Նրանց քաղաքական գործունեությունը, եթե դա կարելի է քաղաքական գործունեություն անվանել, միանգամայն այլ ուղղությամբ է տարվում: Նրանց քաղաքական պայքարի միջոցը ոչ թե խոսքը, կարծիքն է, այլ «Մոլոտովի կոկտեյլը»:  Նրանց թիկունքը ոչ թե ժողովուրդն ու նրա կամքն է, այլ արտասահմանից տրվող դրամաշնորհները, փողերը:

Նրանց խոսքի ազատությունը զրպարտանքներ գրելը, Ադրբեջանին արատավորելն է: Նրանց վարվեցողության կանոններից է հայերին միանալով՝ Ադրբեջանից բամբասելը, Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձեւավորելը»: