Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել անչափահասին առեւանգելու մի գործ, որը ըստ էության կատարվել է պարտքերը վերադարձնելու դրդապատճառով: Ընկերուհին՝ ընկերուհու 9-ամյա աղջնակին առեւանգել է կուտակած պարտքերը ստանալու նպատակով: Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի 27-ամյա Քրիստինե Գալստյանն իր ընկերուհուց Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Կարապետյանից նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով, 2013թ-ի մայիսի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առեւանգել է վերջինիս` անչափահաս, 9-ամյա դստերը:
Ք. Գալստյանը աղջնակին առեւանգելուց հետո տարել է իր տուն եւ պահել այնտեղ, որտեղ էլ երեխան հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Քրիստինե Գալստյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ նշենք, որ համապատասխան հոդվածը նախատեսում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:


























