Այսօր՝ հունիսի 9-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում: ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 22:30-ի սահմաններում Ալավերդի-Ծաղկաշատ ավտոճանապարհին, Ծաղկաշատ գյուղի սկզբնամասում, Ալավերդի քաղաքի բնակիչ, 62-ամյա ծնված Մնացական Հարությունյանը վարելով «KAVZ» մակնիշի ավտոբուսը, կորցնելով կառավարումը, հայտնվել է փոսի մեջ, ինչի հետեւանքով վարորդն ու ավտոբուսում գտնվող 6 ուղեւորները տեղափոխվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ պարզվել են տուժածների ինքնությունները: Նրանք են Ալավերդի քաղաքի բնակիչներ, 49-ամյա Հայարփի Մատինյանը, 25-ամյա Արեն Եզնիկյանը, 49-ամյա Հազարավար Եզնիկյանը, Ծաղկաշատ գյուղի բնակիչներ 16-ամյա Անի եւ 14-ամյա Արեն Մաթոսյանները:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վիրավորների մեծ մասը ստանալով առաջին բուժօգնություն, հավանաբար շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:




























