Հունիսի 12 - 19-ը Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ:
Աջակիցներն են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը:
Մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով`
1) պատանեկան «Ա» խումբ (մինչեւ 10 տարեկան ներառյալ)
2) պատանեկան «Բ» խումբ (11-14 տարեկան ներառյալ)
3) երիտասարդական (15-17 տարեկան ներառյալ)
Մրցույթ-փառատոնի տարիքային բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:
Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնն կանցնի մեկ փուլով, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցները հանդես կգան 2 փուլի ծրագրով:
Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի, Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Սիրիայի եւ Ավստրալիայի 90-ից ավելի պատանի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են:
Մրցութային ունկնդրումները կգնահատի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են ճանաչված երաժիշտներ`
• ՀՀ ժողովրդական արտիստ , Երեւանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Դավթյանը
• Միջազգային մրցույթների դափնեկիր, Աստանայի Ժուբանովի անվան միջին մասնագիտական երաժշտական դպրոցի դասատու Գուլժամիլա Մուհամեջանովան
• Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը
• Միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի Պատվո շքանշանի ասպետ, «Արվեստը եւ կրթությունը 21-րդ դարում» միջազգային ընկերակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլիի անվան կենտրոնական երաժշտական դպրոցի դասատու, Ա.Վիրսալաձեի անվան արվեստների գիմնազիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նանա Մախարաձեն
• Միջազգային մրցույթների դափնեկիր, «Արամ Խաչատրյան» տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը
• Թբիլիսիի Ա.Վիրսալաձեի անվան արվեստների գիմնազիայի դասատու, մեթոդական հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Ռոժդեստվենսկայա –Առաքելովան
• Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր կոմպոզիտոր, պրոֆեսոր Սուրեն Զաքարյանը:
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է «Ար-Տուր-Բաս» ընկերությունը:
Մրցույթ-փառատոնի հաղթողները կպարգեւատրվեն դափնեկրի դիպլոմով եւ Երեւանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի պատրաստած հուշամեդալով, որի վրա պատկերված է Ա. Բաբաջանյանի կիսադեմը:
Պատանի դաշնակահարների համար տարբեր կազմակերպությունների կողմից սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ:
Մրցույթ-փառատոնի մամուլի ասուլիսը տեղի կունենա հունիսի 11-ին ժ. 14:00-ին Վարդանանց 7 հասցեում:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հունիսի 12-ին ժ.18 :00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Մրցութային ունկնդրումները տեղի կունենան
Հունիսի 13-ին ժ. 09:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ պատանեկան «Ա» խումբ:
Հունիսի 14, 15-ին ժ.10:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ պատանեկան «Բ» խումբ:
Հունիսի 16-ին եւ 18-ին ժ.10:00 Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի Մեծ դահլիճում՝ երիտասարդական խումբ:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակումը եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 19-ին ժ. 18:00:




























