Ավերիչ կարկուտը կրկին ստիպեց հասարակությանն իր ուշադրությունը սեւեռել երկրի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վրա: NEWS.am-ը այդ խնդիրների շուրջ զրուցել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Պարոն նախարար, նախ մեր գյուղատնտեսության մշտական դժբախտության՝ կարկուտի մասին: Դատելով տեղեկատվությունից, հակակարկտային սարքավորումները արդյունավետ չեն գործել եւ այժմ, քննարկվում է հատուկ հակակարկտային ցանցերի հարցը: Որքանո՞վ է իրական այդպիսի միջոցների ձերք բերումը: Իսկ եթե կա այդպիսի հնարավորություն, ապա ե՞րբ ձեռք կբերվեն այդ ցանցերը:
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ մեր երկրում տեղակայված հակակարկտային սարքավորումների արդյունավետությունը կազմում է միջին հաշվով 60-70%, իսկ ավելի հզոր կարկտաբեր ամպերի դեպքում (ինչպիսին ս.թ. մայիսի 12-ին գրանցվեց Արմավիրի մարզում) այն շատ ավելի ցածր է: Ըստ մասնագետների՝ անհրաժեշտություն կա Արմավիրի մարզում ստեղծել հակակարկտային կայանների երկրորդ եւ երրորդ պաշտպանիչ գոտիները: Ընթացիկ տարում նախատեսվում է մարզում տեղակայել եւս 50 կայաններ՝ ապահովելով երկրորդ գոտու ստեղծումը:
Շատ կարեւոր է հակակարկտային կայանների համակարգված եւ մասնագիտորեն ճիշտ շահագործումը: Ներկայումս դրանց մի մասը գործում է Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, մյուսները՝ համայնքների կամ մասնավոր սուբյեկտների կողմից, որոնք դուրս են ռադիոլոկացիոն համակարգերի տիրույթից եւ շահագործվում են տարերայնորեն:
Ինչ վերաբերում է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի օգտագործմանը, ապա պետք է նշել, որ դրանք հիմնականում կիրառելի են բարձրարժեք մշակաբույսերի (խաղողի, պտղատու այգիների եւ այլն) պաշտպանության համար: Դրանք բավականին ծախսատար են եւ միջին հաշվով մեկ հեկտարի պաշտպանության համար պահանջվում է ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մեզ մոտ մեկ ֆերմերային տնտեսության ցանքատարածքը կազմում է 1 հա-ից մի փոքր ավելի: Այսինքն՝ «միջին» ֆերմերին շահութաբեր չէ զբաղվել հատիկավորներ մշակաբույսերով, որոնք պահանջում են մեծ տարածքներ, այլապես արտադրանքի ապրանքայնությունը կլինի բավականին ցածր: Այդ դեպքում արդյունավետ չէ՞ արդյոք «միջին» ֆերմերին զբաղվել, ասենք, բանջարեղենով եւ խաղողով: Թե՞ հողատարածքի որակը, կամ էլ ոռոգման հնարավորությունները թույլ չեն տալիս նման անցում կատարել:
Հանրապետությունում մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է հասնում շուրջ 1,1 հեկտար վարելահող, իսկ Արարատյան դաշտում՝ 0,5 հեկտար եւ հասկանալի է, որ նման փոքր հողատարածքների վրա ոչ միայն հատիկավոր, այլ նաեւ՝ ցանկացած մշակաբույսի մշակությունը չի կարող բարձրարդյունավետ լինել: Ընդհանրապես գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրությունը հողօգտագործողների կողմից կատարվում է ելնելով մի շարք պայմաններից՝ բնակլիմայական, հողերի բերրիություն, ոռոգման հնարավորություններ, համապատասխան գյուղտեխնիկայի, գյուղգործիքների, սարքավորումների ու մեխանիզմների առկայության, տեղի ավանդույթներ եւ որ շատ կարեւոր է՝ շուկայի պահանջարկը այս կամ այլ մթերքի նկատմամբ:
Գյուղերում շատ ֆերմերներ բողոքում են գյուղատնտեսների ու անասնաբույժերի կողմից օգնության անբավարարությունից, որոնք քիչ են շրջաններում: Ինչպե՞ս կարելի է լուծել այդ հարցը:
Հանրապետության տարբեր համայնքներում աշխատում են շուրջ 650 անասնբույժ մասնագետներ միայն որոնք ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության համակարգում: Բացի այդ, մասնավոր հիմունքներով, համայնքներում սպասարկում են կատարում զգալի թվով անասնաբույժներ: Ընդհանուր առմամբ՝ հաջողվում է հանրապետությունում վերահսկելի դարձնել անասնահամաճարակային վիճակը եւ խուսափել հիվանդությունների մասայական բռնկումներից: Ցավոք, նույնը չի կարելի ասել գյուղատնտեսների՝ հատկապես բույսերի պաշպանության գծով մասնագետների ապահովվածության մասին: Այս ոլորտում գյուղացիական տնտեսություններին աջակցություն է ցուցաբերվում նախարարության համապատասխան մասնագիտական ծառայության, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, ինչպես նաեւ առանձին գյուղապետարաններում աշխատող փոքրաթիվ մասնագետների միջոցով:
Մեր կարծիքով խնդիրը կարող է լուծվել գյուղապետարաններում մասնագետների հաստիքների ստեղծման (եթե կա դրա հնարավորությունը) կամ մասնավոր վճարովի ծառայությունների կազմակերպման միջոցով:
Գաղտնիք չէ, որ գյուղացիներից շատերը ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքների: Այսինքն՝ տնտեսությունը զրկվում է աշխատողներից: Հասկանալի, որ այնտեղ եկամուտն ավելի բարձր է, քան ֆերմերային տնտեսությունից ստացվող եկամուտը: Ինչպե՞ս կարելի լուծել այդ հարցը:
Մեր հանրապետությունում ցածր է գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը: Գյուղմթերքների արտադրության բարձր ինքնարժեքը եւ իրացման ցածր գները առանձնապես չեն խթանում գյուղացիական տնտեսությունների զարգացումը: Մեր կողմից խնդիր է դրվում բարձրացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ նախադրյալներ ստեղծելով գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման համար: Այդ նպատակով շարունակաբար ավելացվում են գյուղացուն ցուցաբերվող աջակցությունները՝ շուկայականից ցածր գներով պարարտանյութերի, վառելանյութերի, սերմացուների մատակարարում, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, անվճար խորհրդատվության ապահովում եւ այլն: Որպես գյուղատնտեսական արտադրության արդյունավետության եւ եկամուտաբերության բարձրացման կարեւորագույն նախապայման նախարարությունը դիտում է հողերի կոնսոլիդացումը, գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերքատու, ինտենսիվ սորտերի եւ կենդանիների բարձր մթերատու ցեղերի ներդրումը, վերամշակող ճյուղի զարգացումն ու գյուղմթերքների արտահանումների խթանումը:
Գյուղի ապագայի մասին կա երկու կարծիք: Մի ճանապարհը հողատարածքների խոշորացումն է, այսինքն՝ մեզ մոտ կլինեն «կուլակներ» եւ աղքատներ, մյուսը՝ կոոպերացիան: Գիտեմ որ հիմա կազմակերպվում են արոտավայրերի կոլեկտիվ օգտագործման կոոպերատիվներ: Ինչպե՞ս կզարգանա այդ պրոցեսը մոտ ապագայում, եւ կընդլայնվի՞ արդյոք գյուղական կոոպերացիայի ոլորտը. Օրինակ, գյուղում գինեգործության եւ գյուղատնտեսական հումքից տարբեր արտադրանքների արտադրության կոոպերատիվների կազմակերպումը:
Նախարարությունը հողերի խոշորացումը եւ ընդհանրապես կոոպերացիայի զարգացումը չի դիտում որպես «կուլակների» եւ «աղքատների» առաջացում: Այն պետք է տեղի ունենա բացառապես կամավորության սկզբունքով՝ պահպանելով գյուղացու սեփականության իրավունքը հողի եւ գույքի նկատմամբ: Սա այն միակ ճանապարհն է, որը կարող է նպաստել հողի, գյուղատնտեսական տեխնիկայի, ոռոգման ջրի եւ այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը, գիտության նվաճումների ու նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ապրանքային արտադրության զարգացմանը եւ գյուղացու իրական եկամուտների ավելացմանը:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրով 2012 թվականի մեծածավալ գործողություններ են իրկանացվել: Ծրագրում ընդգրկված համայնքների արոտավայրերի եւ անասնապահության կառավարման համակարգի բաղադրիչի շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 50 համայնքներում հիմնադրվել են «Համայնքների արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Նշված մարզերի 31 համայնքների սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են 94 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 27 անիվավոր տրակտոր, 21 խոտի հակավորող մեքենա, 48 միավոր այլ գյուղգործիքներ: Ծրագրի ավարտին ակնկալվում է արոտօգտագործողների կոոպերատիվների հիմնում 55 համայնքներում:
Ինչ վերաբերում է գյուղում գինեգործության եւ գյուղատնտեսական հումքից տարբեր արտադրանքների արտադրության կոոպերատիվների կազմակերպաման հնարավորությունը, ապա տեղեկացնում ենք, որ ինչպես այդ, այնպես էլ կոոպերացիայի ցանկացած այլ ձեւերի զարգացման համար հանրապետությունում կան բոլոր անհրաժեշտ պայմանները, ավելին՝ գյուղատնտեսության ոլորտում այն այսօր առավել քան կարեւորվում է ու խրախուսվում եւ համարվում է խիստ հեռանկարային:
Զրուցեց՝ Ալբերտ Խաչատրյանը



























