Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունիսի վերջին, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնից վերադառնալիս, ինքը Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկելի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման օրակարգն ու ժամկետները:

Նա նաեւ ընդգծել է, որ ըստ համանախագահների պլանների, հունիսի վերջին իրենք կրկին ցանկանում են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մամեդյարովը տեղեկացրել է, որ հանդիպման ձեւաչափը դեռ հստակ չէ, հնարավոր է, միջնորդները կրկին այցելեն տարածաշրջան:

«Բոլոր դեպքերում, նման հանդիպում նախատեսված է հունիսի վերջին»,-ասել է նա ու հավելել. «Նախագահների հանդիպման նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման լուրջ հարցերի քննարկումն է»,-ասել է Մամեդյարովը: