Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Ակունք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տանը  դանակահարել եւ սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ  եւ 6-ամյա Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:

Աշոտ  Գեւորգյանը, Շողակաթ եւ Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:

Աշոտ  Գեւորգյանը ձերբակալված է եւ գտնվում է հիվանդանոցում:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: