Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Անվտանգության խորհրդի նոր նիստ է հրավիրել: Նա պատրաստ է հերթական նիստերն անցկացնել հունիսի 10-ին, 11-ին եւ 12-ին: Այս մասին տեղեկացնում է վրացական կառավարության պաշտոնական կայքը: Նա միաժամանակ նշել է, որ պատրաստ է նիստի անցկացման ստույգ ժամանակը նշել նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո:
Վերջին ժամանակներում սա արդեն երկրորդ նիստն է լինելու: Նախորդ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանում տիրող մթնոլորտը: Հիշեցնենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել էր մասնակցել այդ նիստին:
«Աֆղանստանում վրացական ստորաբաժանման վրա հարձակման, վրացի բնակչության եւ զինվորականների հասցեին սպառնալիքներ պարունակող տեսագրությունների տարածման առիթով, ինչպես նաեւ այս ամենի հետ կապված անվտանգության հարցերը քննարկելու նպատակով նախագահ Մ. Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում», - հայտնում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ համացանցում անգլերենով մի տեսանյութ էր տարածվել, որում սպառնալիքներ էին հնչում Վրաստանի հասցեին այն բանի պատճառով, որ նրա զորքերը մասնակցում են Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին: Հունիսի 6-ին հայտնի դարձավ անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ISAF-ի կազմում ծառայող 7 վրացի զինվորների մահվան մասին:




























