«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաձայն չէ հնչեցվող քննադատության հետ: Նա այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, ըստ որի ԲՀԿ անդամներին արգելվել է Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցածից հետո շփվել լրագրողների հետ եւ հանդես գալ հայտարարություններով: «Մենք հենց նոր նիստ ենք անցկացրել եւ նիստում էլ ինձ ասացին, որ այդ թեմայով լուրեր կան... առաջինը ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, հակառակը` նա պետք է հարգի իր թիմակիցներին, նրանց լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի անվան շուրջ շրջանառվող լուրերին, ուզում եմ կրկին նշել, որ եթե դուք հետեւում եք նրա գործունեությանը Եվրախորհրդարանում, ապա կտեսնեք նրա անձնուրաց աշխատանքն ուղղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանությանը: Եթե խորհրդարանում շատ լինեին այդպիսի պատգամավորներ, ինչպիսին Զոհրաբյանն է, ապա շատ հարցեր կարող էին լուծվել»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն ակտիվ չէ վերջին շրջանում, գուցե արձակո՞ւրդ են գնացել, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ մի կուսակցական գործիչ իրավունք չունի այս փուլում արձակուրդ գնալ, քանի որ կուսակցությունն պարտավորություն է վերցրել ժողովրդի եւ ընտրողների առջեւ:
«Ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ չլուծված հարցեր ունի, որպեսզի պատասխանատու դեմքերը կարողանան արձակուրդ գնալ: Ամենագլխավորը, որ մենք աշխատում ենք, եւ ձեր հարցը տեղին չէր: Ես միշտ պատգամավորներին ասում եմ, որ նրանք պետք է կարողանան շփվել ժողովրդի հետ, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ժողովրդի առջեւ եւ մարդկանց հուզող խնդիրները պետք է լուծվեն»,-նշեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ ԲՀԿ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է զբաղվի կառուցվածքային եւ ծրագրային փոփոխություններով:
Նշենք, որ ներկայումս Գագիկ Ծառուկյանն արդեն լքել է ԱԺ շենքը:



























