ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզպետի տան մոտ կատարված միջադեպը ամեն մեկի մեկնաբանության թեմա չի համարում: Ծառուկյանն իր կարծիքը հայտնել է այսօր՝ հունիսի 10-ին,  ի պատասխան խորհրդարանական թղթակիցների հարցերին:

Նրա խոսքով՝ «իրավիճակը շատ ցավալի է, սակայն դա քննարկման թեմա չէ եւ ոչ էլ այն դեպքն է, որ ամեն լրագրող ցանկացածի պես մեկնաբանի»: «Սա ցավալի է երկրի համար: Սա կորուստ է, որը ցավոտ է բոլոր կողմերի համար: Այդ պատճառով պետք է զինվենք համբերությամբ. կան տուժածներ, կան վկաներ, ինչն իրավապահներին թույլ կտա հետաքննություն անցկացնել: Մեղավորներն անպայման պետք է պատժվեն, որպեսզի նման բան չկրկնվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին` մոտավորապես ժ. 00:10-ին,  Սյունիքի մարզպետի տան մոտ կրակոցներ էին հնչել, որոնց հետեւանքով զոհվել էր մեկ մարդ եւս երկուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն:   Փոխհրաձգության հետեւանքով զոհվել էր  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ-ի զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել էր:  Թիկնապահ եւ միաժամանակ մարզպետի ազգական Նիկոլայ Աբրահամյանը նույնպես վիրավորվել էր: Գործի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հոդվածներով: Մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը վերջերս էր հայտնվել սկանդալում,   սակայն այդպես էլ չէր պատժվել, ինչպես նաեւ մարզպետի որդի 19-ամյա Տիգրանը ձերբակալվել էին: Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը  հայտարարություն էր տարածել, որ ինքը ժամանակավորապես վայր է դնում  մարզպետի լիազորությունները՝ մինչեւ  նախաքննության ավարտը` չնայած նման բան երկրի օրենսդրությամբ նախատեսված չէ: Իսկ հունիսի 6-ին Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել էր նրա հրաժարականը:

Օրերս Սյունիքի մարզպետարանը հայտարարություն էր տարածել ողբերգական պատահարի մանրամասն նկարագրությամբ: Դեպքերը նկարահանվել էին Խաչատրյանի տան բակում տեղադրված երկու տեսախցիկներով: Տեսագրությունը  հայտնվել էր համացանցում: