Երեւանի քաղաքապետարանը «Ավստրիական ավիաուղիներ», «SmartRunning» եւ AIMS–ի (Մարաթոնների եւ վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է «Երեւան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) մրցավազքը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է:

Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից եւ շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաներով մինչեւ սկզբնակետ եւ այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր:

Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երեւանյան եւ արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի «Երեւան. բիզնես-վազք 2013»-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաեւ երեխաներ` 500 եւ 1000 մետր վազքուղով:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երեւանից ու նաեւ մարզերից ժամանած եւ մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել «Երեւան Սիթի Տուր» ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով եւ ծանոթանալու պատմամշակութային վայրերին:

Պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց եւ տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ եւ երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ:

Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր «Ռեսո» ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաեւ մասնակցելու «Վիեննա. բիզնես-վազք» ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարեւորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին  եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի եւս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու եւ իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երեւանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը: