Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին պետք է երախտապարտ լինի, որ Հին Հունաստանի քարտեզն իրեն չի հասել բանտում, այլապես կարող էր լրացուցիչ երեք տարվա ազատազրկման արժանանալ: Այդ մասին հայտարարել է պատիժների կրման, պրոբացիայի եւ իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:

«Գրուզիա Online»-ը հաղորդում է, որ ԱՄՇ գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին մեկուսարանից գիրք է խնդրել ընթերցելու համար: Գրքերից մեկում եղել է Հին Հունաստանի քարտեզը, սակայն բանտի աշխատակիցները պատռել են այն՝ նախքան գիրքը կալանավորին հանձնելը:

Սուբարին հստակեցրել է, որ «Ազգային միացյալ շարժումը» ժամանակին օրենք էր ընդունել, ըստ որի դատապարտյալի մոտ ավելորդ իրեր հայտնաբերելու դեպքում նրան լրացուցիչ երեք տարվա ազատազրկում է սպառնում: Դա վերաբերում է նաեւ քարտեզներին:

«Ազգայիններին» արգելվում է քարտեզ մտցնել բանտ՝ համաձայն իրենց իսկ ընդունած օրենքի: Աշխատակիցը պատռել է քարտեզը, քանի որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Թող շնորհակալություն հայտնեն, որ քարտեզը Մերաբիշվիլիի մոտ չի հայտնվել»,- ասել է Սուբարին: