Տավուշի մարզպետարանը փորձում է հնարավորինս բարեկարգել ճանապարհները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: 

«Իսկ դուք զգալի տարբերություն չնկատեցի՞ք, երբ դուրս եկաք թունելից», - հետաքրքրվել է մարզպետը (թունելը միացնում է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերը ): Ըստ Արմեն Ղուլարյանի` ճանապարհների որակի լավացման աշխատանքներ իրականացվում են ոչ միայն միջպետական նշանակություն ունեցող Դիլիջան-Նոյեմբերյան մայրուղում, այլեւ  Շամշադինի ուղղությամբ:

«Մարզի խնդիրները նույնն են, ինչ որ ամբողջ երկրինը` գործազրկության մակարդակի նվազեցման անհրաժեշտություն, աշխատատեղերի ստեղծում, այդ ուղղություններով նույնպես աշխատանքներ են տարվում: Կառավարության ծրագրում նշված են համապատասխան միջոցներ», - նշել է մարզպետը: Ղուլարյանը հիշեցրել է, որ գյուղացիներին  զեղչված գներով տրամադրվում է պարարտանյութ, վառելիք, սերմեր: Բացի դրանից,  իրականացվում են անասնաբուծության զարգացման, ոռոգման համակարգի բարելավման, գյուղտեխնիկայի գնման ծրագրեր: Գործընկերներն են Համաշխարհային բանկը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, Ֆրանսիայի Օ դը Սեն  շրջանի հայ համայնքը:

Ինչ վերաբերում է սահմանի իրադրությանը եւ ադրբեջանական կողմի՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու փորձերին, ապա մարզպետը հաստատել է իրավիճակի կայունությունը: Ըստ նրա` հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ տեղի են ունենում, սակայն դրանք համարժեք պատասխան են ստանում: