Բնապահպանների երկարատեւ պայքարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Պաշտպանի աշխատակազմը հույս է հայտնում են, թե պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում եւ կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու եւ հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետեւողական  լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:

Դեռեւս 2013 թվականի մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան: