Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 10-ին սկսեց Դիլիջան ի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ 20 մլն դոլարի արտոնության մասին է խոսքը: Արտոնություններ կտրվեն շահութահարկի ու ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկի ու մաքսատուրքի գծով: Սակայն կպահպանվեն եկամտահարկը, գույքահարկը եւ հողահարկը:
Պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին, թե ովքե՞ր են ներդրողները, ֆինանսների փոխնախարարը բավական տարօրինակ պատասխան տվեց: Նրա խոսքով՝ հիմնական ներդրողներն են «ՌՎ եւ ՎԶ հիմնադրամները, «Դիլիջանի Ինթերնեյշնլ սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամը, բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ եւ անհատներ»: «ՌՎ» հապավումը, բնականաբար, վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, իսկ թե ինչ է նշանակում «ՎԶ» հապավումը՝ կարելի է միայն ենթադրություններ անել:
Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն. դոլար, որից 150 մլն. դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն. ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն. ԱՄՆ դոլար: Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն. դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով, մինչեւ 2020 թվական տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն. դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչեւ 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազ. մարդ:




























