Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները եւ քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն՝ ոլորտում աշխատելու համար։
Սոցիալապես դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքների հետ աշխատելու, նրանց խնդիրներին բազմակողմանի լուծում գտնելու եւ ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել նիստ՝ մասնակից դարձնելով նաեւ Երեւանի վարչական շրջանների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներին։




























