Հանրային լրագրության ակումբն (ՀԼԱ) ամփոփել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին վերաբերող թղթակցային մրցույթը:
Ժյուրիի գնահատման արդյունքում հաղթել եւ Անդրոիդ համակարգով աշխատող սմարթ հեռախոս է շահել Փառանձեմ Հովհաննիսյանը` «Լքել են հաշմանդամություն ունենալու համար» թղթակցության համար:
Մրցույթին դիմել էին 9 հանրային թղթակիցներ` 9 թղթակցություններով:
Ժյուրիի կազմում էին Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի «Ազգային կրթություն» ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը, լրագրող, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը, «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը եւ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, «Հույսի կամուրջ» ՀԿ-ներկայացուցիչ Զառա Բաթոյանը:
Փառանձեմը գրել է Էմիլի ու Կարինեի մասին, ովքեր, ինչպես հեղինակն է նշում, ծնված օրվանից միասին են. նրանց առաջին ապաստանը եղել է Զատիկ մանկատունը, ապա ութ տարի սովորել ու ապրել են Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցում, որից հետո` 2001-ից տեղափոխվել են Կապանի հատուկ դպրոց:
Էմիլը ու Կարինեն հաշմանդամություն ունեն, նրանց ծնողները լքել են իրենց հենց այդ պատճառով: Սակայն հանդիպելով իրար` կարողացել են միասին հաղթահարել բազմաթիվ դժվարությունները, ամուր ու երջանիկ ընտանիք կազմել:
Մրցույթի նպատակն էր խթանել երիտասարդների, ակտիվ քաղաքացիների ու հանրային թղթակիցների` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների բարձրաձայնմանը հանրային թղթակցությունների, բլոգային գրառումների եւ նոթագրությունների միջոցով:
Մրցույթը հայտարարվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում:




























