Երեւանում, հունիսի 11-ին, ժամը 19:30-ին, տեղի կունենա «Խտրականության մարտահրավերները» թեմայով ֆորում թատրոնը:

Հունիսի 3-ից 13-ը Երեւանում անցկացվում է «Խտրականության մարտահրավերները ֆորում թատրոնում» միջազգային ծրագիրը, որի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը (WostAYN)՝ Ուկրաինայի «EkoArt» երիտասարդական կենտրոնի, Ռումինիայի Vira Association-ի, Բուլղարիայի YMCA-DOBRICH-ի, Մոլդովայի TENDO եւ Թուրքիայի Dortyol Engelliler Genclik ve Spor Kulubu-ի հետ համատեղ:  Ծրագրի նպատակն է նպաստել միջմշակութային շփմանն ու փոխըմբռնմանը, հնարավորություն ընձեռել եվրոպական երկրներից ժամանած երիտասարդներին համատեղ վերհանել իրենց երկրներում առկա երիտասարդական հիմնախնդիրները եւ ներկայացնել դրանք ֆորում թատրոնի միջոցով: Ծրագրի մասնակիցներն Հայաստանում հանդիպել են ֆորում թատրոնի փորձագետների, ստացել են մասնագիտական հմտություններ, մշակել են համատեղ սցենարներ, որոնցից լավագույները կներկայացվեն հասարակության դատին:

-Հայաստանից ու մյուս երկրներից հրավիրված են ֆորում թատրոնի մասնագետներ, որոնք ներկայացրեցին երիտասարդական աշխատանքում այս հիանալի գործիքի կիրառման գաղտնիքները, - ասաց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ ծրագրի հիմնական նպատակն է՝ ուղղորդել ծրագրի 31 մասնակիցներին՝ պայքարելու խտրականության տարբեր դրսեւորումների դեմ: 

Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների մշակույթը, սովորույթները, լեզուն երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրները: Համագործակցային աշխատանքը հետագայում տարաբնույթ նոր ծրագրերի մշակման հիմք դարձավ: Միջազգային ծրագիրն աջակցություն է ստացել Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երեւանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից:

«Ոստայնի» նպատակն է աջակցել եւ նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության  ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային եւ միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: