Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցությունն ստացել է քաղաքապետի երդմնակալությանը մասնակցելու հրավերը, սակայն դեռ հայտնի չէ, կմասնակցի՞ այդ միջոցառմանը, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

«Շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ խմբակցությունը մասնակցում է Երեւանի ավագանիի հատուկ նիստում նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը, ես չեմ կարող հաստատել կամ հերքել»,-նշեց Ուրիխանյանը: Նրա խոսքով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանիում ընդդիմադիր «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը:

Ի դեպ, Երեւանի ավագանիի հատուկ նիստին մասնակցում են 65 պատգամավորներից 59-ը, ԲՀԿ-ն ամբողջ կազմով ներկա է նիստին, բացակայում են միայն «Բարեւ Երեւանի» պատգամավորները: