Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թ. հունիսի 8-ի ելից համարով ծանուցում է ուղարկել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանին: Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր եւ իր ձեւակերպմամբ`«անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար» Ժիրայր Սէֆիլյանին 2013 թ. հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք: Հրավերի մասին նշելուց հետո ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցումը եզրափակում է հետեւյալ կերպ. «Հայտնում եմ, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին, Դուք պարտավոր եք նախապես տեղեկացնել»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
«Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի` բացատրություն տալու համար ոստիկանություն հրավիրելու վերաբերյալ ծանուցում ուղարկելը եւ ոստիկանություն ներկայանալուն խոչընդոտող հարգելի պահանջների մասին նախապես տեղեկացնելը որպես անձի պարտականություն ներկայացնելու պահանջն օրենքով սահմանված գործողություններ չեն: Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ նորմի պահանջի համաձայն` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 83.5-րդ հոդվածի իմպերատիվ նորմերի պահանջների համաձայն` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`... 2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները ...»:
Այսպիսով` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը դիտավորությամբ կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, անցել է իր պաշտոնեական լիազորությունները: Միեւնույն ժամանակ` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի արարքը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի նորմով նախատեսված հանցագործություն որակելու համար առկա չէ նույն նորմով սահմանված մյուս պարտադիր պայմանը` այդ գործողությունների հետեւանքով էական վնասի պատճառումը: Ուստի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը սահմանված կարգով ենթակա է կարգապահական պատասխանատվության»,-ասված է «Նախախորհրդարանի հայտարարության մեջ:




























