Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվել են եւ պետք չէ քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելով այն լեգիտեմացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա նաեւ նշեց, որ իրենք այլընտրանք են լինելու ավագանիում եւ հույս հայտնեց, որ ԲՀԿ-ն կպահպանի իր ընդդիմադիր կեցվացքը:

Նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անակնկալի եկած հարցրեց, թե իսկապես նման հո՞ւյս ունի, ինչին ի պատասխան Դավիթ Սանասարյանն արձագանքեց, որ հույսը քրեորեն պատժելի արարք չէ, միաժամանակ նկատեց, որ ԲՀԿ-ն այսօր մեծ ակտիվությամբ էր ողջունում Տարոն Մարգարյանին:

Նախկին ԱԺ պատգամավոր, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանն էլ առանձնացրեց տրանսպորտի խնդիրը: «Տաս տարի է արդեն, որ շահագործման է հանձնվել Դավիթաշենի կամուրջը եւ կար ծրագիր, որ այն կապեին Աջափնյակի հետ, իսկ այսօր Աջափնյակի Մարգարյան փողոցը դառնում է անանցանելի: Պետք է հասկանալ, թե ինչու գումարները նպատակային չեն ծախսվում»,- ավելացրեց Գագիկ Բաղդասարյանը:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ԺՈՒԿ կուսակացության անդամ Արթուր Գասպարյանն էլ նշեց, որ ինքը հակված էր այն մտքին, որ պետք է մասնակցեին քաղաքապետի երդմնակալության արարողությանը, քանի որ անձով չի նայում, այլ հարգում  է քաղաքապետի ինստիտուտը: Նրա խոսքով՝ ինքն իրավական խնդիրներն է ուշադրության կենտրոնում պահելու: Գասպարյանը կարծիք հայտնեց, որ օրենքի խախտումների եւ կաշառակերության 80 տոկոսը սկիզբ է դրվել Երվանդ Զախարյանի օրոք եւ շարունակվում են մինչեւ այսօր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am