Որեւէ մեկը մեզ չի արգելելու, որ այսօրվանից ռմբակոծենք քաղաքապետարանի որոշումները: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Մեզանից յուրաքանչյուրը երեւանցու լրտեսն է լինելու քաղաքապետարանում»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ «Բարեւ Երեւան» դաշինքից Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուն լինելու է Արմեն Մարտիրոսյանը,  Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններինը՝ Անահիտ Բախշյանը, Էրեբունի եւ Նուբարաշենինը՝ Դավիթ Սանասարյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն շրջաններինը՝ Գագիկ Բաղդասարյանը, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանինը՝ Արթուր Գասպարյանը:

Ասուլիսին հրավիրված «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ «Սեփականության իրավունքի» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ վերջին մեկ տարում սեփականությունից զրկված 83 ընտանիք լքել է Հայաստանը: Նա հիշեցրեց, որ 2003 թվականին սկսած քաղաքացիների սեփականությունը ոտնահարող կառավարության որոշումներ են ընդունվել՝ խախտելով Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Նա այդ ամենում մեղադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ասուլիսին ներկա փախստականները եւս նշեցին, որ «Ժառանգությունն» իրենց կողքին է եղել, իսկ իրենք էլ «Ժառանգության» կողքին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am