Մարդիկ մեզանից փող են ուզում, բայց չեն ասում՝ ինչի համար: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր՝ հունիսի 11-ին, իր ելույթում նմանատիպ ձեւակերպումներով դեմ արտահայտվեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություն տրամադրելու օրինագծին: «Ոչ մի օլիգարխ նման բան իրեն թույլ չի տվել, թող գան պրեզենտացիա անեն, ասեն՝ քանի ուսուցիչ է լինելու, ինչ դասախոսներ են գալու, քանի՞ մեքենա է բերելու, ինչքա՞ն երկաթ է բերելու... Թող բերաններից ջրեր չվազեն, ինչ է թե՝ արտասահմանյան դասախոսներ են գալու, տեսել ենք էլի, նոբելյան մրցանակակիր ենք տեսել... Տվեք ինձ արտոնություն, ինչքան ուզում եք՝ քոլեջներ բերեմ...Բա մենք թույլ տանք, որ Ազգային Ժողովն այսքան իջնի՞..»,- ասաց Հ. Բագրատյանը:

Օրենքի նախագծին դեմ արտահայտվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ առանց ծրագիր ներկայացնելու նման արտոնություն չի կարելի տրամադրել: «Սա մի ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, այնպիսի մի ավանտյուրա, ինչպես Արմենիկում դեղամիջոցն էր…մեզ էլ են ուզում մասնակից դարձնել այս հանցագործությանը»,-հայտարարեց Զ. Փոստանջյանը:

Նշենք, որ երեկ՝ հունիսի 10-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դիրքորոշումը, կողմ արտահայտվեց այս օրինագծին: Այս օրինագիծը օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 10 պատգամավոր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ խմբակցությունը: Ձեռնպահ են քվեարկել ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ: