Տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս ներկա էր Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Նա համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին` պայմանով, որ հնացած հարցեր չտանք:

«Շատ բաներ է անում Տարոն Մարգարյանը, եթե ուշադիր լինեք, դուք ինքներդ բոլորը կտեսնեք, ես մի քիչ որպես մասնագետ եմ նայում այդ հարցին, մի քիչ խորն եմ տեսնում, որը դուք չեք տեսնում: Իրականում շատ լավ աշխատանքներն են կատարվում այսօր Երեւանում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը` առանձնացնելով սոցիալական ծրագրերը, մասնավորապես այն, որ Աջափնյակ թաղամասում շենք է կառուցվում ապագայում բնակիչներին տեղափոխելու համար: Նախկին քաղաքապետը ցանկություն հայտնեց, որպեսզի լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք առօրյայում անհանգստացնում են բոլորիս, բոլորս ապրում ենք այս քաղաքում, սիրում ենք Երեւանը, այնքան որքան մեր երեխաներին, մեր ընտանիքը եւ ցանկանում ենք Երեւանը տեսնել զարգացած, գեղեցիկ, անթերի»:

Հարցին, թե կարոտում եք ձեր նախկին պաշտոնը, նա պատասխանեց. «Ես իմ երեխաներին եմ կարոտում»: Մեր մյուս հարցին, թե կցանկանայիք այսօր Ձեր ինաուգուրացիան լիներ, խանդի, նախանձի խնդիր չկա, նախկին քաղաքապետը նկատեց. «Գիտեք եկեք նորմալ կյանքով ապրենք, ցանկություններով, երազանքներով մարդիկ չեն ապրում»:

Դիտարկմանը, թե համաձայն եք կարծիքին, թե վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է: «Ես այդ հարցին պատասխանել եմ, արդեն բոլորը գիտեն».- ասաց նա:

Մեր հարցին, թե  Տարոն Մարգարյանը ձեզնից լա՞վ քաղաքապետ է. Գագիկ Բեգլարյանը նշեց. «Աղջիկ ջան, եթե դուք ուզում եք միշտ պրովոկացիա անել ինձ, քո մաման քեզանից լա՞վ աղջիկ է, պրովոկացիա եք անում»:

Գագիկ Բեգլարյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթին: «Վերակառուցված ասելով ի՞նչ ենք հասկանում, քաղաքում այդ կարգի լուծումներ տալուց առաջ պետք է դրվի հասարակական լայն քննարկման, դա պետք է հասարակությունն ընդունի, եթե դա հանրապետության հրապարակին կտա ավելի լավ, պատշաճ տեսք, քան այսօր կա՝ համաձայն եմ, եթե ոչ՝ ապա համաձայն չեմ»: