Վրաստանում քաղաքապետը, իշխանությունները քաղաքի կենտրոնում տարածքներ են տալիս դրամներով, ձրի են տալիս, որ ներդրումներ կատարեն; Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ արտահերթ ելույթ ունենալով Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություներ տրամադրելու նախագծի քննարկումների ժամանակ: «Որեւէ մի անգամ որեւէ մի ծրագրի հող տվե՞լ ենք Երեւան քաղաքում, որպեսզի ներդրում կատարեն... Վարչապետը իջնում է մի մարդու մոտ, բարձրացնում է վերեւ, շահում է այդ մարդու սիրտը, որ 10 մլն դոլար ներդրում իրականացնի... Վիրտուալ կյանքից պետք է իջնենք հողի վրա, հնարավորություն տանք, որ նման ներդրումներ իրականացնեն, դա աշխատատեղ է , սոցիալական խնդիրների լուծում է»,- ասաց Հ. Աբրահամյանը: Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրողներն այսօր հերթ չեն կանգնել, որ որպեսզի հնարավորություն ունենանք ընտրություն անելու:
Այնուամենայնիվ՝ ԱԺ նախագահը մասամբ համաձայնեց ընդդիմադիրների այն քննադատության հետ, որ միջազգային դպրոցի կառուցման նախագիծ չի ներկայացվել: Նա կոչ արեց՝ նման նախագծի առկայության դեպքում այն տրամադրել նաեւ Ազգային Ժողովին:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվում այդ միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելուն:
«Մարդիկ մեզանից փող են ուզում, բայց չեն ասում՝ ինչի համար: Ոչ մի օլիգարխ նման բան իրեն թույլ չի տվել, թող գան պրեզենտացիա անեն, ասեն՝ քանի ուսուցիչ է լինելու, ինչ դասախոսներ են գալու, քանի՞ մեքենա է բերելու, ինչքա՞ն երկաթ է բերելու... Թող բերաններից ջրեր չվազեն, ինչ է թե՝ արտասահմանյան դասախոսներ են գալու, տեսել ենք էլի, նոբելյան մրցանակակիր ենք տեսել... Տվեք ինձ արտոնություն, ինչքան ուզում եք՝ քոլեջներ բերեմ...Բա մենք թույլ տանք, որ Ազգային Ժողովն այսքան իջնի՞..»,- քննարկման ժամանակ ասել է Հրանտ Բագրատյանը:




























