Ամերիկացի դերասանուհի Խոսելին Մարտինեսը իր հոր 26-ամյա վաղեմության սպանության վերաբերյալ սեփական հետաքննությունն է անցկացրել: Նրան հաջողվել է ընկնել հանցագործի հետքի վրա, եւ վերջինս արդեն ձերբակալված է: The New York Daily News-ը գրում է, որ Մայամիում բերման է ենթարկվել 43-ամյա Խուստո Սանտոսը, որն ընդունել է իր մեղքը:

1986թ նոյեմբերի 22-ին Խուստո Սանտոսը, ով այն ժամանակ 16 տարեկան է եղել, 2 ընկերների հետ մտել է Ինվուդի Dominican Express ռեստորան, որը պատկանել է Խոսելինի հորը` Խոսե Մարտինեսին: Այդտեղ է գտնվել նաեւ ռեստորանի տիրոջ կինը՝ Իդալիան: Դեռահասները անհանգստացրել են կնոջը: Երբ Խոսե Մարտինեսը փորձել է դուրս հրավիրել խուլիգաններին, Խուստո Սանտոսը հանել է ատրճանակը եւ սպանել նրան: Ոստիկանությունը միանգամից հաստատել է նրա ինքնությունը, սակայն նրան բերման ենթարկել չի հաջողվել, քանի որ Սանտոսը թաքնվել է Դոմինիկյան Հանրապետության տարածքում:

Դպրոցն ավարտելուց հետո Խոսելինն ընդունվել է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության եւ քաղաքագիտության ֆակուլտետ: Նա որոշել է զուգահեռաբար փնտրել Սանտոսին` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

2008թ աղջիկը գրանցվել է Background.com կայքում: Այս ռեսուրսը յուրատեսակ «վիրտուալ դետեկտիվ» է: Խոսելինը Սանտոսի մասին տեղեկատվություն է գտել նաեւ USA-Peopleseach.com, Peoplelookup.com եւ Intelius.com պորտալներում: Բոլոր այս կայքերում մեղադրյալի տվյալները համընկել են: Գտնելով Խուստո Սանտոսի հեռախոսահամարը եւ հասցեն` աղջիկը դրանք տարել է 34-րդ ոստիկանական բաժանմունք:

Դրանից հետո Սանտոսին ձերբակալել են: Ինչպես գրում է NEWSru.com-ը, վերջին ժամանակներս նա աշխատել է որպես Մայամիի մաքրությամբ զբաղվող ընկերության մենեջեր:

Խոսելինի խոսքերով` հանցագործին գտնելու համար պահանջվել է 8 տարի եւ 280 դոլար, որը նա վճարել է կայքերին տեղեկատվություն ստանալու համար: