Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր՝ հունիսի 11-ին սկսվել են 2012 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի զեկույցից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե «ինչո՞վ են զբաղվում կառավարության անդամները տնտեսությունը ջղայնացած աճեցնելուց ազատ ժամանակ»: Մասնավորապես՝ Ն. Փաշինյանը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսի օֆշորային գոտում  Նավասարդ Կճոյանի եւ մի գործարարի հետ ընկերություն է հիմնել:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց, որ օֆշորի հետ կապված այդ պատմությունը հերյուրանք է եւ սուտ, իսկ Տ. Սարգսյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզաբանումների համար: Ն. Փաշինյանը արձագանքեց, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տ. Սարգսյանին, վերջինս է դիմել դատախազությանը:

Ն. Փաշինյանի կարծիքով՝ դատախազությունը մեծ փորձ ունի կոծկելու նմանատիպ դեպքերը, ինչպես որ վարվել է մարտի 1-ի դեպքերի հետ կապված: