Ստամբուլի կենտրոնում Թաքսիմի հրապարակում գործողություններ իրականացնելուց հետո ոստիկանները շարժվել են «Գեզի» այգու ուղղությամբ, սակայն խուսափել են միջամտություն իրականացնել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները հունիսի 11-ի առավոտյան Թաքսիմի հրապարակում մաքրել են քաղաքացիական ակտիվիստների ամրացրած հակակառավարական պաստառները եւ որոշ ժամանակ անց շարժվել «Գեզի» այգու ուղղությամբ։
Այգու մուտքի մոտ ոստիկանները փորձել են միջամտություն իրականացնել, սակայն այգում գտնվող ակտիվիստները բղավել են «ոստիկանություն հեռացիր»։ Ոստիկանությունը որոշ ժամանակ սպասելուց հետո հեռացել է այգուց։
Նշենք, որ Ստամբուլի նահանգապետը հայտարարել էր, թե ոստիկանները միայն Թաքսիմի հրապարակն են պաստառներից մաքրելու, իսկ «Գեզի» այգում որեւէ միջամտություն չի լինելու։




























