Դեռ հայտնի չէ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին` Դավիթ Սեդրակյանը, կաշխատի՞ Երեւանի ավագանու կազմում, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Մհեր Սեդրակյանը:

Նա հերքեց, որ որդին կդառնա Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ: «Եթե պիտի գա, մենակ ավագանի լինի, էլ ինչի՞ն է պետք, նորմալ գործ լինի, որ ինքը տանջվի,  աշխատող մարդ է, որ աշխատի, տանջվի, հարգանքը, աշխատանքը երեւա, գնահատվի, ավագանին ի՞նչ է անում»: Նա նշեց, որ չգիտի, թե որդին ինչ է որոշել այդ հարցի հետ կապված, «երբ կլինի, կիմանանք»:

Մհեր Սեդրակյանը չի կարծում, թե ավագանու աշխատանքը պարապ գործ է, «բայց ամեն դեպքում իր համար չի ավագանին, ինքը ավելի ծանր տեղ կարող է աշխատել, իր ունակությունները ավելի բարձր եմ գնահատում»:

Նա գոհ է վերջին 20 տարվա ընթացքում Երեւանի բոլոր քաղաքապետներից, «բոլորն էլ լավն են, տենց բան չկա, ում հետ ես աշխատել եմ, բոլորն էլ լավ են եղել, այսօրվա քաղաքապետն էլ էլի շատ լավ է»:

Անդրադառնալով Սյունիքի վերջին դեպքերին`  պատգամավորն ասաց, որ չի հանդիպել նախկին մարզպետ Սուրեն խաչատրյանի հետ եւ չի խոսել նրա հետ: