Ես իմ իրավասությունների շրջանակում ընդամենը կատարել եմ իմ պարտականությունները: Այս մասին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` անդրադառնալով Պռոշյան գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ մարդիկ չէին ընդունել նրա կողմից նշանակված գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Մելիքյանին:
Նա նախ նշեց, որ պետք չէ տոնական օրով նման հարցեր տալ, այնուհետեւ ասաց. «Ես իմ իրավասությունների շրջանակում ընդամենը կատարել եմ իմ պարտականությունները»:
Կոտայքի մարզպետը անմիջապես հեռացավ` այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, երբ պռոշյանցիները չեն ընդունում գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին:
Նշենք, որ մոտ 200 պռոշյանցիներ հունիսի 10-ին, փակել են գյուղապետարանի մուտքը եւ չեն ընդունել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Մելիքյանին, նրանք պահանջել են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից փոխել պաշտոնակատարին: «Յուրաքանչյուր ոք գյուղապետարանից կարող է լինել, բայց իրենք փորձում են Մուրադյանի հակառակորդներից մեկին բերել Մուրադյանի կոլեկտիվի վրա դարձնել պաշտոնակատար, որը եւ բարոյապես չի նայվում, եւ պետք չէ նման բան անել: Մուրադյանին սպանել են, հանգիստ նստում ենք, սպասում իրավապահներին, բայց իրենք գալիս են, մեղվի բույնն են քրքրում»,- ասել է Մուրադյանի եղբորորդին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով:




























