Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթի ժամանակ հայտարարել է, թե իրենք «Գեզի» այգու իրադարձությունների շուրջ համակողմանիորեն վերլուծություն են կատարել եւ ճիշտ կլինի, որ այգով իրոք մտահոգ մարդիկ հեռանան այնտեղից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը, ելույթի մի զգալի հատված հատկացնելով «Գեզի» այգու իրադարձություններին, հայտարարել է, թե այգու հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունների հետեւանքով երկրի տնտեսությունը մեծ վնասներ է կրում, ներդրողները խուսափում են երկիր մտնել, իսկ բանկային համակարգում բարձրանում են տոկոսները։
«Թաքսիմում եւ այլ վայրերում բողոքի ակցիա անող եւ իրոք մտահոգ մարդկանց կոչ եմ անում հեռանալ եւ ավարտել այդ բողոքները։ Ես համբուրում եմ ձեր աչքերը»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:




























