Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 11-ին, տեղի է ունեցել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի ապրիլի 30-ի կարգադրությամբ:
Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց. «Այսօր տեղի է ունենում Հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննության կառնենք եւ կհստակեցնենք առաջիկա խնդիրներն ու անելիքները, կնախանշենք Կառավարության կողմից հաստատված ռազմարդյունաբերական համալիրի բարեփոխումների ծրագրի միջոցառումների իրականացման աշխատանքները: Այս հանձնաժողովը ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական, եւ որ ամենակարեւորն է, մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն: Ուզում եմ ընդգծել, որ մեզ սպասում է բավականին համառ, ծանր, դժվարին աշխատանք: Ոլորտը բավականին բարդ է, բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, նաեւ բազմաթիվ ուղղություններով կա կատարված մեծ աշխատանք, բայց մեր հանձնաժողովի նպատակը պետք է լինի, որպեսզի կարողանանք ռազմական արդյունաբերության խնդիրներին տանք նոր հայացք, առաջարկենք նոր լուծումներ, ներգրավենք նաեւ մեր պետական կառավարման մարմինների ներուժը` ռազմական արդյունաբերության ոլորտում դրական զարգացումներ ապահովելու համար: Սա նաեւ հանրապետության նախագահի հստակ դիքորոշումն է եւ այս հանձնաժողովը վճռական է լինելու համախմբված աշխատելու եւ լավ արդյունքներ ունենալու համար»:
Նիստում հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչություններին վերաբերող մասով հանդես եկան զեկույցներով` ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացումների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:
Նիստում ընդունվել է որոշում հանձնաժողովին կից ձեւավորել մշտապես գործող ռազմատեխնիկական եւ գիտահետազոտական խորհուրդ` կազմում ընդգրկելով բարձրակարգ գիտնականների, հետազոտական-կոնստրուկտորական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետ -մասնագետների:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























