Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում արդեն սկսել ենք քանդման աշխատանքները, բոլորի աչքի առջեւ է դա իրականանում: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, իր երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա նշեց, որ մոտակա ժամանակներն այդ աշխատանքներն ավարտին կհասցնեն: Երեւանի քաղաքապետն ասաց, որ կա ընթացակարգ, օրենքով սահմանված կարգով պետք է արձանագրություն կազմվի, նոր քայլեր ձեռնարկվեն, մինչեւ վարչական արձանագրությունը չկազմվի, վարչական որոշումը չլինի, իրենք իրավասու չեն քանդման աշխատանքներ իրականացնել: «Ես բոլորիդ վստահեցնում եմ, որ այնտեղ բազմաբնակարան շենք չի կառուցվելու: Փակ շուկան վերականգնվելու է եւ գործելու է որպես շուկա, որը պատմամշակութային տարածք է եւ գործելու է որպես Փակ շուկա»,- նշեց նա:
Նշենք, որ Փակ շուկայում վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով եւս ներկա էր քաղաքապետի երդմնակալության արարողությանը:
Նա նշել է, թե Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, որովհետեւ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել այս 20 տարվա մեջ: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի աշխատանքը, նա պատասխանել է. «Որ գան ձեր շենքը քանդեն, ո՞նց կգնահատեք»: Այնուհանդերձ, Սամվել Ալեքսանյանը եկել էր քաղաքապետարան ոչ թե Փակ շուկայի խնդրով, այլ մասնակցելու երդմնակալությանը: Նա շեշտել է, որ Տարոն Մարգարյանից նեղացած չէ, «որ նեղացած լինեի, չէի գա»: Պատգամավորը «նեղսրտել է» օրենք խախտելու համար իրավապահներին պատասխան տալու մասին հարցից, ասելով, թե եթե այդպես եք հարց տալիս, ուրեմն` ինքը շուկայի հետ կապ չունի: Սամվել Ալեքսանյանը հիշեց իր 7 երեխաներին` ասելով, որ ցանկանում էր Փակ շուկայի տարածքում բազմաբնակարան շենք կառուցեր, նրանց այնտեղ պահելու համար, սակայն եկան ապամոնտաժեցին: Այժմ, նրա հավաստմամբ, շուկան մնալու է որպես շուկա: «Դուք արեցիք, որ չթողեցին, սաղ օրը կյանքս կերաք»,- դիմելով լրագրողներին` ասել է պատգամավորը:




























