Հայաստանում ամեն ինչ ենթարկվում է փողի պահանջին: Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Մասնավորապես՝ նա օրինակ բերեց Փակ շուկայի հետ կատարվածը: Ըստ Զ. Փոստանջյանի՝ քաղաքացիներն այլ ելք չեն գտնում իրենց իրավունքների պաշտպանության համար, քան փակել ճանապարհները:

«Այստեղ մենք նստած քննարկում էինք բյուջեի կատարողականը շատ գորշ տրամադրությամբ, կարելի է ասել՝ գորշ միջավայրում, բայց իրական պատկերն այսօր թարսի մեջ է, երբ դատախազի եղբայրն իր հարցազրույցի մեջ ասում է, ինչ վատ բան է, որ գլխավոր դատախազի ընտանիքը զբաղվում է կանաչիի կամ լոլիկի մշակությամբ... Բայց չի կարելի, որ գլխավոր դատախազը զբաղվի գյուղատնտեսությամբ, նա պետք է զբաղվի իր գործառույթներով»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմեց Զ. Փոստանջյանին. «Մի քիչ կոռեկտ եղեք ազգային Ժողովի նկատմամբ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am