Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հարաբերությունների ընդլայնման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից եւ ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել եւ երկու մայրաքաղաքների միջեւ այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվում:

«Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլեւ բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը եւս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել է նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Երեւանի կառավարման գործում: Անդրադառնալով Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը՝ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության ու հետեւողականության համար: Առանձնակի կարեւորելով Երեւանի եւ Ստեփանակերտի  քաղաքապետարանների միջեւ 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող գործնական քայլերը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նաեւ նկատել է, որ վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի անցկացումը եւս լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ստորագրված բարեկամության համաձայնագրի հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: