Կեղծվող ընտրություններով, կոռումպացված կառավարման համակարգով, իշխանական պատվերները կատարող դատարաններով, մոնոպոլիզացված տնտեսությամբ, աղքատության եւ գործազրկության այսօրվա բարձր մակարդակով մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չես առաջացնի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի վերջին նիստում կանխատեսումներ արեց տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշելով, որ տարածաշրջանի պատկերը մի քանի տարվա ընթացքում կտրուկ փոխվելու է, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք:
«Հե՛նց հեռանկարի, երկրի ապագային նկատմամբ հավատի բացակայությունն է ստիպում մարդկանց լքել իրենց հայրենիքը: Այդ հավատը վերականգնելու համար իշխանությունները նախ եւ առաջ պետք է ազնիվ լինեն ժողովրդի նկատմամբ: Սակայն խոսքի եւ գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար վաղուց ի վեր դարձել է սովորական երեւույթ: Իշխանությունները խոստանում էին հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացում եւ հավաստիացնում էին, որ գազը չի թանկանա: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Կամ ի՞նչ արժեն վարչախմբի հայտարարություններն ազատ, արդար ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանության եւ բիզնեսի տարանջատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Ո՞վ չգիտի, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանությունը դարձրել են բիզնես, կամ առ այսօր ո՞վ է պատասխան տվել իրեն վստահված ոլորտում առկա ձախողումների ու չարաշահումների համար:
Վարչախումբը խոսում է հավակնոտ տնտեսական ծրագրերի եւ նոր տիպի տնտեսություն կառուցելու մասին: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես են իրագործվել նրա նախորդ ծրագրերը: Ուստի, քարոզչությամբ զբաղվելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի, եթե վարչախումբը գոնե տարրական խնդիրներ լուծի ու ադեկվատ քայլեր անի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար:
Նոր տիպի տնտեսություն եւ առհասարակ՝ արդյունավետ տնտեսություն կառուցել անհնար է առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում: Այնպես որ՝ առաջնահերթ խնդիր է եղել եւ մնում այս արատավոր համակարգից ձերբազատվելը: Միայն այդ դեպքում Հայաստանի քաղաքացիները իրենց նվաստացած չեն զգա սեփական երկրում եւ վստահորեն կնայեն իրենց ապագային»,-ասել է Դեմիրճյանը:




























